Jump to content

«Վասպուրականի թագավորություն»–ի խմբագրումների տարբերություն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Content deleted Content added
Տող 111. Տող 111.
* [[958]]-[[968]] - [[Աբուսահլ-Համազասպ]]
* [[958]]-[[968]] - [[Աբուսահլ-Համազասպ]]
* [[968]]-[[990]] - [[Աշոտ-Սահակ]]
* [[968]]-[[990]] - [[Աշոտ-Սահակ]]
* [[990]]-[[1003]] - [[Գուրգեն-Խաչիկ]]՝ Աշոտ-Սահակի, ապա՝ Սենեքերիմ-Հովհաննեսի հետ միասին
* [[990]]-[[1003]] - [[Գուրգեն-Խաչիկ]]
* [[1003]]-[[1021]] - [[Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի|Սենեքերիմ-Հովհաննես]]
* [[1003]]-[[1021]] - [[Սենեքերիմ-Հովհաննես Արծրունի|Սենեքերիմ-Հովհաննես]]



11:36, 30 Հուլիսի 2014-ի տարբերակ

Վասպուրականի թագավորություն
 Բագրատունյաց Հայաստան 908 - 1021 Բյուզանդիա 
Քարտեզ


(Վասպուրականի թագավորության սահմանները)

Ընդհանուր տեղեկանք
Մայրաքաղաք Վան
Լեզու Հայերեն
Ազգություն Հայեր
Կրոն Հայ Առաքելական Եկեղեցի
Իշխանություն
Պետական կարգ Միապետություն
Դինաստիա Արծրունիներ
Պետության գլուխ Թագավոր
Պատմություն

Վասպուրականի Արծրունյաց թագավորություն, ավատատիրական պետություն միջնադարյան Հայաստանում 908–1021 թվականներին, Արծրունիների արքայատան գլխավորությամբ։ Միջնադարյան Բագրատունիներից վասալական կախման մեջ գտնվող այս թագավորությունը ներառում էր տարածքներ ներկայիս Թուրքիայից, մասամբ՝ Հայաստանից, Իրանից և Նախիջևանի ինքնավար հանրապետությունից (Ադրբեջան

Բագրատունյաց Հայաստանի ենթակա թագավորություններից (Վասպուրական, Սյունիք, Վանանդ, Լոռի) ու իշխանություններից (Տարոն, Տայք) ամենաընդարձակն ու ամենազորեղն էր, որը հիմնադրվել էր 908 թվականին՝ Գագիկ Արծրունու կողմից, և թագավորություն հռչակվել Ատրպատականի ամիրայության օգնությամբ:

Թագավորության տարածքն ընդգրկում էր Վանա և Կապուտան (Ուրմիո) լճերի միջև ընկած շրջանները՝ կազմելով 40 000 քառ. կմ: Բնակչությունը 11-րդ դարի սկզբին հասնում էր մոտ մեկ միլիոնի: Նույն ժամանակաշրջանում Վասպուրականում կար ավելի քան 8 քաղաք, 4 000 գյուղ, 72 բերդ և ամրոց, 115 վանք ու եկեղեցի:

Գագիկ Արծրունու և նրա հաջորդների օրոք Վասպուրականի թագավորությունը տնտեսական և մշակութային մեծ վերելք ապրեց, ամբողջ Վասպուրականով մեկ լայն շինարարություն ծավալվեց: Աղթամար կղզին արհեստականորեն մեծացվեց, որտեղ թագավորը կառուցեց Աղթամարի կամ Uուրբ Խաչ եկեղեցին, նավահանգիստ ու արքունական պալատներ: [1]

Վասպուրականին բնորոշ են լեռնածին սարահարթերը, լեռների արանքում սեղմված բարձրադիր հովիտները, որոնց միջով անցնող ոչ մեծ գետերի ջրերը կյանք են տալիս նրանց։ Վանա լճի առափնյա հովիտների կլիման մեղմ է, նպաստավոր երկրագործության, մանավանդ պտղատու և խաղողի այգիների մշակման համար։ Լեռնային արոտները հնարավորություն էին ընձեռում անասնապահության զարգացման համար։

Վասպուրականի թագավորության պատմությունը ամփոփված է մի քանի հայ պատմիչների աշխատություններում: Նրանցից հատկապես մեծարժեք է Թովմա Արծրունու «Պատմություն Արծրունյաց տան» երկասիրությունը:

Պատմություն

Արճակ լիճը Վան քաղաքից հյուսիս

Վասպուրականի թագավորությունը հիմնադրվել է 10-րդ դարի սկզբին: Դա կատարվել էր Հայաստանում ավատատիրական հարաբերությունների խորացման, ինչպես նաև արտաքին ուժերի միջամտության հետևանքով։ Վասպուրականի գահերեց իշխան Գագիկ Գ Արծրունին Ատրպատականի արաբական ամիրայության օգնությամբ անջատվել է Բագրատունյաց միասնական պետությունից և իրեն հռչակել անկախ թագավոր։ Հետագայում այն ընդունում է Բագրատունիների գերիշխանությունը, սակայն պահպանում է իր ներքին ինքնուրույնությունը:

Վասպուրականի թագավորությունը ընդգրկել է հիմնականում Վասպուրական (բացառությամբ Գաբիթյան և Պարսպատունիք գավառների), Մոկք նահանգները, 910-ական թվականներին՝ նաև Այրարատի Մասյացոտն, Կոգովիտ, Բագրևանդ, Ծաղկոտն գավառները, Դվինն իր մերձակայքով, Աղձնիքի Սասուն և Կորճայքի Ճահուկ գավառը։ Վերջիններս եղել են միայն Գագիկ թագավորի իշխանության շրջանում, իսկ ավելի ուշ Բագրևատունիները խլել են մի շարք այլ գավառներ:

Սիփան լեռը. Վանա լճից արևմուտք

Թագավորության անջատման պատճառը Նախճավանի հարցն էր։ Այն 902 թվականին հայոց թագավոր Սմբատ Ա-ի կողմից շնորհվեց Աշոտ Արծրունի գահերեց իշխանին նրա ծառայությունների դիմաց, սակայն իբրև պայմանական և ոչ ժառանգական սեփականություն։ Այս հանգամանքի ուժով Աշոտ Արծրունու մահից (904) հետո այն խլվեց Վասպուրականից և 908 թվականին տրվեց Սյունիքին, որով խիստ սրվեցին հակասությունները Բագրատունիների և Արծրունիների միջև։

Ատրպատականի ամիրա Յուսուֆը 908 թվականին Գագիկ Արծրունուն տվեց նրան թագ ու պսակ և, «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը։ Իրականում Գագիկը թագավորեց Վասպուրականում, Մոկքում և հարևան մի քանի գավառներում, իսկ «ամենայն Հայոց թագավոր» տիտղոսը միջոց էր Գագիկին Սմբատ թագավորի դեմ հանելու։ Այսպիսով Յուսուֆը հասավ իր հետամտած նպատակին։ Հայաստանը պառակտված էր երկուքի։ Մուկտադիր խալիֆը Յուսուֆի ախորժակը Հայաստանի նկատմամբ ավելի գրգռելու միտումով 909 թվականին նրան վերապահեց նաև Հայաստանից հարկեր ստանալու և Բաղդադ փոխանցելու իրավունքը։ Սակայն հետագա իրադարձությունները, հայ ժողովրդի ազատազրական համառ պայքարի շնորհիվ անդաոնալիորեն թաղեցին թե խալիֆի և թե Յուսուֆի ակնկալությունները։

Աղթամար կղզին և Սուրբ Խաչը

Արծրունիներին իր կողմը գրավելով, Յուսուֆը պատերազմի նախապատրաստվեց՝ ընդդեմ Հայոց թագավորի։ Երբ Սմբատը նվերներով Յուսուֆի մոտ ուղարկեց Հովհաննես կաթողիկոսին Ատր-պատականի ամիրային Հայաստանի վրա արշավելու մտքից ետ պահելու առաքելությամբ: Համարյա նույն ժամանակ Յուսուֆի մոտ եկավ Գուրգեն Արծրունին, որը, ընդհակառակը, պիտի հակազդեր կաթողիկոսի առաքելությանը։ Քիչ հետո Յուսուֆի մոտ է մեկնում նաև Գագիկը հա-վաստիացումներ տալով, թե կգործակցի Յուսուֆին Սմբատ թագավորի դեմ։ Եթե Յուսուֆի նպատակն էր՝ վերջ տալ Հայաստանի անկախությանը, ապա Արծրունիները ձգտում էին Բագրատունիներից խլելու ամենայն հայոց գահի արքայական մականը՝ հավատալով Յուսուֆի նենգ խոստումներին։

Յուսուֆի մտայնությունը երևան եկավ նախ նրանով, որ Նախճավանր փոխանակ Արծրունիներին զիջելու, տվեց իրեն հավատարիմ մի ամիրայի, որպեսզի Դվին-Նախճավան-Գողթն ամիրայությունների միջնորմով ապահովապես անջատի Վասպուրականն ու նրան կից շրջանները Բագրատունիների թագավորությունից։ Յուսուֆը Գագիկ Արծրունու հրամանատարությամբ Հայոց թագավորի դեմ է ուղարկում մի բանակ, որը, սակայն, շոշափելի հաջողության չի հասնում: Զուր են անցնում Բագրևանդին տիրանալու Գագիկի ջանքերը։ Հայ ժողովուրդը խորին ատելությամբ է լցվում Յուսուֆի և նրան գործակցող Արծրունիների դեմ։ Խմորվող իրադրությունը ոչ մի լավ բան չէր խոստանում վերջիններիս։ Յուսուֆը ոչնչացնում էր իրեն հանձնված հայ իշխաններին։ Հերթն, անշուշտ, Արծրունիներին էլ կհասներ։ Ուստի վերջին-ներիս ոչինչ չէր մնում, քան լքել Ատրպատականի տիրոջը։ 912 թվականի ամռանը Արծրունիները հեռացան Վասպուրական։

Կտուց կղզի

Արծրունիներին հարկ չեղավ երկար սպասել Յուսուֆի հարձակմանը։ Վերջինս, Աշոտ Երկաթից պարտություն կրելուց հետո, 914 թվականի գարնանը զենքն ուղղեց Վասպուրականի դեմ։ Գագիկ թագավորը եղբոր հետ վճռական և հաջող դիմադրություն կազմակերպեց Պարսկահայքի վրայով երկիր խուժած Յուսուֆի զորաջոկատների դեմ։ Դվինում որջ դրած Յուսուֆը քաջարի վասպուրականցիների դեմ է նետում նաև Հերի, Բագրևանդի ու Մարանդի ամիրաներին, սակայն հաղթանակը դարձյալ շահում են հայերը։ Այնուհետև Յուսուֆն անձամբ վասպուրականցիների դեմ է առաջնորդում մի ստվար բանակ։ Գագիկ թագավորը առաջին հերթին ժողովրդին հեռացնում է անմատույց վայրեր, քանի որ Յուսուֆն սպառնացել էր առանց խտրության սրի քաշել բոլորին։ Վասպուրականցիներից զենք կրելու ընդունակ մասը զինավառ մանր խմբերով բարձրանում է լեռները, անսպասելի հարձակումներով ջլատում թշնամու ուժերը և երկամսյա համառ դիմադրությունից հետո՝ 914 թվականի աշնանը Վասպուրականից դուրս է շպրտում թշնամուն: Մուկտադիր խալիֆան, որ տեղյակ էր Հայաստանում զարգացող իրադարձություններին, անհնազանդ Յուսուֆին հակակշիռ, ջանում է իր արքունիքի հետ կապել Գագիկ Արծրունուն, այս անգամ արդեն Միջագետքի ամիրայի միջոցով, որի ձեռքով 914 թվականի աշնանը նա առաջին անգամ Գագիկին ուղարկում է թագ և արքայական զգեստներ։

Նարեկավանք

Հաջողություններից թևավորված Գագիկ Արծրունին, օգտվելով Բագրատունինեոի թուլությունից, նույն ժամանակ Վասպուրականին է միացնում Բագրևանդ, Կոգովիտ, Աղբագ և Մասյացոտն գավառները։ Դիվանագիտության մարզում ևս Արծրունի գահակալը հասավ ակնառու հաջողությունների, օգտվելով Յուսուֆի և խալիֆայի միջև ծայր առած հակասություններից։ 919 թ, երբ խալիֆի զորապետ Մունիսը պատժարշավի էր ելել Ատրպատականի դեմ, խալիֆան կրկին թագ է ուղարկում Գագիկ Արծրունուն, իսկ Յուսուֆը բանտ է նետվում։ Գագիկը ինքնուրույն քաղաքականություն է վարում նաև Յուսուֆի հաջորդ Սբուքի օրոք, որը կամեցավ զենքի լեզվով խոսել Վասպուրականի տիրոջ հետ, բայց վերջինս քիչ ուժեր չուներ և կարողացավ բանակցություններով կանխել թշնամու հարձակումը։ Կնքված հաշտությամբ Սբուքը, փաստորեն, հրաժարվեց Վասպուրականի նկատմամբ գերիշխանություն ձեռք բերելու մտքից։ Գագիկն ու Սբուքը դաշնակիցներ դարձան, սակայն դա սոսկ հաշտության, խաղաղության դաշինք էր քրիստոնյա և մուսուլման միապետերի միջև։

Հզորացում

Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցի

Թագավորության հզորացումը կապված է Բագրատունյաց Հայաստանի բարգավաճման հետ: Գագիկ Արծրունու թագավորության տարիներին բարենպաստ հանգամանքների բերումով կատարվեցին շինարարական ծավալուն աշխատանքներ։ Առաջին աշխատանքները ձեռնարկվեցին տակավին Գագիկի գահերեցության տարիներին (904-908)։ Այս շրջանում ամենից առաջ Արծրունիների ուշադրության առարկան է դառնում հրաշալի դիրք ունեցող Ոստան քաղաքը, որի ավերված միջնաբերդը վերաշինելուց հետո, նորոգվում է նաև քաղաքի Աստվածածին եկեղեցին։ Գագիկ Արծրունին ավելի խոշոր աշխատանքներ է ձեռնարկում Վան քաղաքում։ նախ հոգ է տարվում քաղաքի միջնաբերդի՝ «Ամրական քարանձավի» վերաշինության մասին։ Միջնաբերդում շինվում են եկեղեցիներ և դեպի ջրամբարը տանող սանդուղք։ Այնուհետև Վարագա լեռան ստորոտներից քարաշեն ստորգետնյա ջրմուղ է անցկացվում դեպի Վան։

Գագիկ Արծրունին այս շրջանում ավարտում է նաև Վանի ժայռաբերդում իր հոր սկսած պալատի շինությունը, որն ուներ պերճաշուք հորինվածքով ոսկեզօծ սրահներ։ Շքեղազարդ էր նաև Ճուաշ-ռոտ գավառի Գետն ավանում կառուցված խրախճատեղին, որը, փաստորեն, Արծրունիների ամառային հանգստավայրն էր։ Արծրունիների ձմեռոց Մարական ավանում, որը գտնվում էր Արաքսի վտակ Կարմիր գետի ափին, կառուցվում է ամուր միջնաբերդ՝ շքեղ ապարանքով, մերձակա զբոսատեղիներով։ Ռշտունիքի Մահռաշտ գյուղում, Ադամակերտում կառուցվում են վանքեր, իսկ Օձ կոչվող ձորի գլխին հիմնվում է Գագկակերտ ձեռակերտը, ուր տեղափոխվում են ամբողջ գյուղեր՝ իրենց բնակիչներով։ Քաղաքի միջնաբերդը վերաշինելով վերածվում է թագավորական դղյակի։

Բերկրիի ջրվեժը՝ համանուն գետի վրա

Ծավալուն շինարարական աշխատանքներ են կատարվում Աղթամարում։ Կղզում Արծրունի թագավորը հիմնադրում է նույնանուն քաղաք-նավահանգիստը: Կառուցվում են քաղաքացիական բնույթի այլ շինություններ, որոնցից ամենանշանավորը արքայական պալատն Էր։ Պալատն ուներ մի շարք օժանդակ շինություններ՝ ամրապարիսպ, շտեմարան, համբարանոց, զինապահեստ, հանգստի տեղեր։Իր նոր գահանիստին Էլ ավելի մեծ կշիռ հաղորդելու համար, Գագիկ Արծրունին քաղաքացիական շինություններն հիմնականում ավարտելուց հետո, 919 - 921 թվականներին կառուցել Է տալիս Աղթամարի հոյակերտ տաճարը, շքեղորեն զարդարելով բազմազան քանդակներով։

Վասպուրականի թագավորությունը Հայաստանի գավառական թագավորությունների շարքում ամենախոշորն Էր։ Գագիկ Արծրունու օրոք նրա տարածքը ձգվում Էր հյուսիսից հարավ՝ Արաքսից մինչև Կորդվաց լեռները և արևմուտքից արևելք՝ Վանա լճից մինչև Կապուտան (Ուրմիո) լիճը։ Հարավում նրա սահմանային գավառներն Էին Մոկաց աշխարհի հարավային շրջանները, Կորճայքի Ճահուկ գավառի հարավային սահմանը կազմող Մեծ Զավ գետը, արևելքից՝ Պարսկահայքի արևմտյան մի քանի շրջանները՝ Կարմիր գետի ավազանով։ Այնուհետև Կարմիր գետի և Արաքսի միախառնման կետից սահմանը Արաքսով ձգվում Էր մինչև Արտաշատի մոտերքը, ապա թեքվելով դեպի հարավ-արևմուտք՝ Աղիովիտ գավառի արևմտյան մասով հասնում Վանա լճին։ Թագավորության հիմնական մասը Մեծ Հայքի խոշորագույն նահանգ Վասպուրականն էր՝ իր 35 գավառներով։

Լիմ կղզի

11-րդ դարի սկզբին Վասպուրականի թագավորության գերակայությունը ճանաչել են Խլաթի ու Մանազկերտի ամիրայությունները։ Պետության մայրաքաղաքն էր Վանը, հոգևոր կենտրոն՝ Աղթամար կղզին։ Վասպուրականի թագավորությունը առավել հզորության է հասել Գագիկ Արծրունու օրոք, որն իրեն հռչակել է «Հայոց թագավոր» (908-943) և փորձել է ապահովել իր առաջնությունը Բագրատունյաց թագավոր Աբասի նկատմամբ։ Սակայն հետագայում հարկադրված ընդունել է Բագրատունիների գերիշխանությունը։ Վասպուրականի թագավորությունը տնտեսական և քաղաքական գործուն կապերի մեջ է եղել Անիի թագավորության և հարևան արաբական ամիրայությունների հետ։ Արծրունյաց թագավորներ Գագիկը և նրա որդի Աշոտ-Դերենիկը սատարել են Ատրպատականի Դայսամ Իբրահիմ և Դվինի Շադդադյան Մուհամմադ քուրդ ամիրաներին, որոնք պայքարել են Ատրպատականին տիրացած Սալարյանների դեմ։

Վասպուրականի վերջին արքա Սենեքերիմ-Հովհաննես թագավորն իր դուստր Մարիամին կնության է տվել վիրա-աբխազաց թագավոր Բագրատ III-ին ե նրա հետ ռազմական դաշինք կնքել՝ ընդդեմ բյուզանդական սպառնալիքի։ Հաճախադեպ պատերազմների և արտաքին սպառնալիքի իրավիճակում Վասպուրականի թագավորությունը պահել է մարտունակ բանակ։

Պատկեր:Հայ-Բագրատունիների-տերությունը-9-րդ-դարի-վերջին-և10-րդ-դարի-սկզբին-600x415.jpg
Բագրատունյաց Հայաստան

Վասպուրականի թագավորությունում կառուցվել են պաշտպանական ամրություններ (Վանում, Ոստանում, Աղթամարում և այլուր), ընդլայնվել է ոռոգման համակարգը, խրախուսվել է երկրագործության, արհեստների ու առևտրի զարգացումը։ Վասպուրականի թագավորության տարածքով անցնող միջազգային առևտրական տարանցիկ մայրուղու հարավային ճյուղավորումը նպաստել է տնտեսական կյանքի զարգացմանը։ Զարգացել են գիտությունն ու մշակույթը։ Այստեղ են ստեղծագործել Խոսրով Անձևացին, Անանիա Նարեկացին, Գրիգոր Նարեկացին, Ատոմ Վարագնեցին, իր հայրենիքից տարագրված արաբ գիտնական Կոստան և ուրիշներ։

Բարձր զարգացման են հասել ճարտարապետությունը (Ոստան, Աղթամար, Վարագավանք և այլն), քանդակագործությունն ու որմնանկարչությունը (Աղթամար), մանրանկարչությունը։ Ճարտարապետներից հատկապես հայտնի էր Մանուելը, ով նախագծել էր Աղթամարի սուրբ Խաչ եկեղեցու կառուցումը:

Կործանում

Վարագավանք

960-970-ական թվականներին դեպի արևելք Բյուզանդական կայսրության առաջխաղացումը վտանգի տակ է դրել Վասպուրականի թագավորության անկախությունը։ 1016 թվականից, երբ սելջուկ-թուրքերը ասպատակել են երկիրը, Սենեքերիմ-Հովհաննես թագավորն ստիպված է եղել ընդունել իր տիրույթները կայսրությանը հանձնելու և փոխարենը Սեբաստիայի կուսակալությունում հողեր ստանալու բյուզանդական առաջարկը։

1021 թվականին Վասպուրականի թագավորության ազատանու զգալի մասը՝ Սենեքերիմ–Հովհաննես թագավորի առաջնորդությամբ, հեռացել է հայրենիքից, հաստատվել Փոքր Հայքի Սեբաստիա քաղաքում և դրան հարող շրջաններում։

Վասպուրականի թագավորության տարածքը՝ գյուղերով ու քաղաքներով, բերդերով ու ամրոցներով, (բացառությամբ վանքերի), ընդգրկվել են Վասպուրականի բյուզանդական կատեպանության մեջ։

Վասպուրականի գահերեց իշխանների ցանկ

Աշոտ-Սարգսի մահից հետո Վասպուրականի իշխանությունը եղբայրների մեջ բաժանվում է երկու մասի՝ հյուսիսարևմտյան մասում իշխում է Ռշտունիքի իշխան Գագիկ Գ-ն (904–908), ապագա Գագիկ Ա Արծրունի թագավորը, հարավարևելյան մասում՝ Պարսկահայքի իշխան Գուրգեն Գ-ն (904–925) [2]

Վասպուրականի թագավորների ցանկ

Տես նաև

Ծանոթագրություններ

Արտաքին հղումներ