Jump to content

Բարձր Հայք

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Բարձր Հայք
ԵրկիրՄեծ Հայք Մեծ Հայք Մեծ Հայք
Ներառում էգավառ
Ստեղծվել էՄ.թ.ա. 189
Վերացել էՄ.թ. 387
Ազգային կազմ
Կրոնական կազմ
Բարձր Հայքը Մեծ Հայքի քարտեզի վրա
Մեծ Հայքի Բարձր Հայք գավառի քարտեզը

Բարձր Հայք, Մեծ Հայքի առաջին նահանգը։

Բաղկացած էր հետևյալ ինը գավառներից՝ Դարանաղի, Աղիվն (Աղյուն), Մուզուր, Եկեղյաց, Մանանաղի, Դերջան, Սպեր, Շաղագոմ և Կարին։ Իր տարածքով Բարձր Հայքը համապատասխանում է այժմյան Էրզրումի վիլայեթի հիմնական մասին։ Ուներ ընդարձակ սարահարթեր և դաշտեր։ Ձմռանը լինում են խիստ ցրտեր, տեղում է առատ ձյուն, մթնոլորտային տեղումները բավարար են։ Գլխավոր գետը Եփրատն է, որի մեջ Բարձր Հայքի սահմաններում թափվում են մի շարք վտակներ։ Բարձր Հայքը հայտնի էր իր սառնորակ աղբյուրներով, ոսկով, պղնձով, աղահանքերով, քարածուխով, նավթով, երկաթով։ Մ.թ.ա. II հազարամյակում Բարձր Հայքի արևմտյան շրջանները մտել են խեթական պետության մեջ։ Մ.թ.ա. XV դարից Բարձր Հայքը, Տայքի մի մասը Փոքր Հայքի հետ միասին կազմում էին Հայասա–Ազզի հայկական ցեղային միության տարածքը։ Մ.թ.ա. 189–ից Բարձր Հայքը մտել է Հայոց Արտաշեսյան թագավորության մեջ։ Հայտնի էր հեթանոսական հավատքի կենտրոններով։ Նահանգի Եկեղիք գավառի Երիզա ավանում էր գտնվում Անահիտ աստվածուհու մեհյանը։ Նույն գավառի Թիլ ավանում էր գտնվում պտղաբերության աստվածուհի Նանեի մեհյանը։ Գտնվելով Մեծ Հայքի արևմտյան սահմանում՝ Բարձր Հայքը հնուց ի վեր ենթարկվել է օտար տերությունների հարձակումներին։ 62–ից Բարձր Հայքը մտել է Արշակունյաց Հայոց թագավորության կազմի մեջ։ Ըստ Փավստոս Բյուզանդի, Բարձր Հայքի Անի ամրոցում են թաղվել Հայոց Արշակունի թագավորները։ 301–ից հետո Բարձր Հայքի Եկեղյաց գավառի մեծ մասը դարձել է Գրիգոր Լուսավորչի տոհմի սեփականությունը։ Մեծ Հայքի 387–ի բաժանումից հետո Բարձր Հայքը կազմել է Հռոմեական Հայաստանի հիմնական մասերից մեկը, որի գերագույն կառավարիչը կայսեր կողմից նշանակվող կոմսն էր։ Նահանգը մասնատված էր մի շարք նախարարությունների։ Բարձր Հայքի վարչական վիճակը փոխվեց բյուզանդական Հյուստինիանոս I կայսեր կատարած վերափոխությունների հետևանքով։ Հայկական նախարարությունները վերացվեցին, 380–ական թթ սկսած Բարձր Հայքում աստիճանաբար ուժեղացել է բյուզանդական ազդեցությունը։ VII դ. առաջին կեսին Բարձր Հայքը դարձել է պարսկա–բյուզանդական պատերազմների թատերաբեմ, նույն դարի կեսերից ենթարկվել արաբական հարձակումներին։ Նահանգն այնուհետև դարձել է Բյուզանդիայի և արաբական արյունոտ բախումների թատերաբեմ։ 885–ից Բարձր Հայքը մտել է Բագրատունյաց Հայոց թագավորության մեջ, բացառյալ Կարինից, որը շարունակեց մնալ խալիֆության սահմաններին ռազմականը։ 1314–ին ամբողջ Բարձր Հայքը ենթարկվել է ծանր հարկահանության, փակվել են եկեղեցիները, բնակչության մի մասը հավատափոխ է եղել, ոմանք վաճառել են իրենց զավակներին կամ փախել այլևայլ վայրեր։ 1394–ին Բարձր Հայքը գրավել են Լենկթեմուրի հրոսակները և նահանգի բնակչությունը ենթարկվել նորանոր արհավիրքների։ 1514–ին նահանգը գրավել է օսմանյան Թուրքիան։ 1555–ի և 1639–ի թուրք–պարսկական պայմանագրով Բարձր Հայքը վերջնականապես անցել է Թուրքիային՝ ընդգրկելով Էրզրումի փաշայության մեջ։

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։