Jump to content

Մագնեսիայի ճակատամարտ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Մագնեսիայի ճակատամարտ
Թվականմ. թ. ա. 190
Մասն էՀռոմեա-սելևկյան պատերազմ
ՎայրՄանիսա
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Մագնեսիայի ճակատամարտ, ճակատամարը, որ տեղի ունեցավ մ.թ.ա. 190 թ-ին Մագնեսիա քաղաքի մոտ, հռոմեացիների և Սելևկյան թագավորրության միջև։ Հռոմը, տոնելով փայլուն հաղթանակ, հնարավորություն ստացավ տարածել իր ազդեցությունը Փոքր Ասիայում և դառնալ Միջերկրական ծովի հզորագույն տերությունը։ Մագնեսիայի ճակատամարտից հետո՝ Սելևկյանների պարտության հետևանքով, իրենց անկախ հայտարարեցին Արտաշես ԱՄեծ Հայքում և Զարեհը, Ծոփքի թագավորությունում։

Նախապատմություն

Ք.ա. 2-րդ դարի սկզբին պատերազմ էր ընթանում Հռոմի և Ասորիքում հաստատված Սելևկյան թագավորության միջև՝ Միջերկրական ծովի արևելյան ավազանում առաջնություն ձեռք բերելու համար: Պատերազմն ընթանում էր արդեն ութ տարի, երբ Ք.ա. 190 թվականի աշնանը սելևկյան թագավոր Անտիոքոս Գ-ն իջավ Եվբեա կղզու ափ, որով էլ նշանավորվեց Մագնեսիայի ճակատամարտի սկիզբը: Անտիոքոս արքայի կողմից կռվում էին Աետոլյան և Բեովտական միությունները, Էլեա քաղաքը, Մեսսինիան, իշխաններ հարավային Թեսալիայից ու արևելյան Էպիրոսից, ինչպես նաև Մեծ Հայքի մի զգալի մասի կառավարիչ Արտաշես Ա-ն և Ծոփքի կառավարիչ Զարեհը: Հռոմի կողմից կռվում էին աքայացիները, թեսալացիները Մակեդոնիան և Աթենքը:

Ճակատամարտող կողմերի ուժերը

Սելևկյաններ

Սպասելով ճակատամարտին, Անտիոքոս Գ-ն հիմնեց ամուր բանակային ճամբար՝ պաշտպանելու համար Սարդես քաղաքի մատույցներն ու Եփեսոսի մոտ տեղակայված իր նավատորմիղը: Պատմիչներ Տիտոս Լիվիոսի և Ապպիանոսի վկայությամբ, նա իր 16 հազարանոց ուժեղ փաղանգը, որ հանդերձավորված ու զինված էր մակեդոնական ոճով, դիրքավորեց 1600 ռազմիկից կազմված ջոկատի կենտրոնում: Փաղանգը կազմված էր 50 շարքից և 32 տողանից: Ջոկատների միջև նա որոշակի տարածություն թողեց, որոնցից յուրաքանչյուրում տեղավորեց երկու մարտական փիղ: Փաղանգի աջ կողմում նա դասավորեց 1500 գաղատացի հետևակային ու 3000 կատաֆրակտոս (զրահապատ) հեծելազոր և 1000 հեծյալից բաղկացած ագեմա (զորատեսակ), որն իր պալատական թիկնազորն էր: Նրանց թիկունքում գտնվում էր 16 պահեստային փիղ: Ագեմայից աջ Անտիոքոսը կանգնեցրեց այլ հեծյալների, որոնց Լիվիոսը կոչում է արգիռասփիդներ, ապա 200 (տարբեր տվյալներով՝ 1200) դաքերի, որոնք հեծյալ աղեղնավորներ էին, 3000 կրետացի ու թրալլացի թեթևազեն հետևակայինների, 2500 մյուսիացի աղեղնավորների, կյուրտացի պարսատիկավորների ու էլամացի աղեղնավորների: Ճակատի ձախ կողմում Անտիոքոսը 1500 գաղատացի ռազմիկից բաղկացած մեկ այլ հետևակ, ևս մեկ նմանատիպ հետևակ՝ բաղկացած 2000 կապադովկեցիներից ու ևս 2700 տարբեր ռազմիկների կազմված խմբեր: Վերջիններից այն կողմ նա կանգնեցրեց 1000 հոգանոց ծանր հեծելազոր, ավելի քան 3000 կատաֆրակտոս և 1000 ագեմա: Նրանց առջևում կանգնեցրեց սկիթավոր մարտակառքեր (դրանց անիվների առանցքից դուրս էին եկած խոցոտող-կտրատող ձողեր) և դրոմեդարներ՝ միասապատ ուղտեր հեծած արաբ ռազմիկներ: Ձախ թևը եզրափակում էին 2500 գաղատացի հեծյալները, 1000 կրետացի նորակոչիկներ, միանման հանդերձավորված կարիացի ու կիլիկեցի ռազմիկներ և նույնքան էլ թրալլացիներ: Ապա գալիս էին 4000 պելտաստներ, պիսիդացիներ, պամփիլիացիներ ու լիդիացիներ, որոնց հաջորդում էին կյուրտիացի ու էլամացի ռազմիկիներ այնքան, որքան աջ թևում, և վերջապես 16 փղեր՝ կարճ հեռավորության վրա: Անտիոքոսն անձամբ գլխավորում էր աջ թևը՝ ձի հեծած: Նրա որդին՝ Սելևկոսը և եղբորորդին՝ Անտիպատերը գլխավորում էին ձախ թևը: Մարտական փղերի առաջնորդ Փիլիպոսն առաջնորդում էր փաղանգը, իսկ Մենդիսն ու Զևքսիսը՝ նետաձիգներին:


Հռոմեացիներ

Հռոմեացիներն իրենց սովորույթի համաձայն զորքը բաժանեցին երեք մասի՝ ձախ թևը թողնելով գետի վրա: Կենտրոնում տեղ գրավեց նրանց ուժեղացված լեգեոնը, որի ծայրերին կանգնեցին լատիններից կազմված Ally (լատին․՝ թևեր) լեգեոնի մարտիկները: Ընդհանուր առմամբ, լեգեոնում 20 հազար մարդ կար: Նրանցից այն կողմ զորապետ Սկիպիոնը կանգնեցրեց իր 16 մարտական փղերին՝ որպեսն պահեստազոր՝ քաջ գիտենալով, որ աֆրիկյան փղերը հավասար պայմաններում չեն դիմանա չափերով ավելի մեծ հնդկական փղերի ճնշմանը: Աջ կողմում Սկիպիոնը կանգնեցրեց դաշնակից Պերգամոնի բանակին՝ Էվմենեսի հրամանատարության տակ, և աքայացի պելտաստներ: Նրանց ընդհանուր թիվըկազմում էր շուրջ 3000: Նրանցից հետո հռոմեացի զորապետը կանգնեցրեց մոտ 3000 հեծյալների, որոնցից 800 Պերգամոնից էին: Ըստ Լիվիոսի՝ աջ թևի ծայրում նա կանգնեցրեց թրալլացի ու կրետացի հեծյալների, յուրաքանչյուրը կազմված 500 ռազմիկից: Բայց ավելի հավանական է, որ դրանք Ապպիանոսի նշած թեթևազեն նետաձիգներն էին, որ գտնվում էին հեծելազորերի մեջտեղում: Լիվիոսը հիշատակում է նաև 2000 մակեդոնացի ու թրակացի կամավորների, որոնք մնացել էին պահպանելու հռոմեացիների ճամբարը: Դոմիցիոսը չորս հեծելավաշտի հետ գտնվում էր աջ թևում, իսկ Սկիպիոնը գլխավորում էր կենտրոնը՝ այնտեղից հրամաններ արձակելով ձախ թևը ղեկավարող Էվմենեսին:

Ճակատամարտը

Երկու պատմիչներն էլ՝ Ապպիանոսն ու Լիվիոսը հայտնում են, որ հռոմեացիների զորքում կար 30 հազար ռազմիկ, իսկ սելևկյանների զորքում՝ 70 հազար: Սակայն արդի ուսումնասիրողները գտնում են, որ հակառակորդները չէին կարող թվական նման տարբերություն ունենալ, և երկու կողմն էլ ունեցել են մոտ 50 հազար զինվոր: Պատմիչները թվական նման անհավասարություն են հաղորդում պարզապես փառաբանելու համար Հռոմին և ընդգծելու հռոմեացիների ուժն ու անպարտելիությունը, որ, իբր թե, 30 հազարով հաղթել են 70 հազարին: Մատենագրության մեջ այսպիսի մի զվարճալի պատմություն կա, իբր Անտիոքոսը հարցնում է Հաննիբալին, որ գտնվում էր իր բանակում, թե արդյո՞ք իր հսկայական ու լավ կազմակերպված բանակը բավարար է Հռոմեական հանրապետության համար, Հաննիբալը դառն քմծիծաղով պատասխանում է. «Լիովին բավարար է հռոմեացիների համար, չնայած նրանց շատակերությանը»:

Աղբյուրներ

  • Appian, Syriaca 7
  • Livy XXXVII.39
  • Livy XXXVII.40
  • Livy XXXVII.41