Jump to content

Արտավազդ Ա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
(Վերահղված է Արտավազդ Ա Արտաշեսյանից)
Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Արտավազդ (այլ կիրառումներ)
Արտավազդ Ա Արտաշեսյան
Αρταβάσδης Α΄ της Αρμενίας
Մեծ Հայքի Արտաշեսյան թագավորության արքա
Արտավազդ Ա արքայի ժամանակակից պատկերավորում
Իշխանությունմ.թ.ա. 160–մ.թ.ա. 115
Թագադրումմ.թ.ա. 160, Արտաշատ
ՏիտղոսներՍպարապետ հայոց
Արքայազն հայոց
Մեծ Հայքի արքա
Ծնվել է՝մոտ 183 թվական
Մահացել է՝մ. թ. ա. 115 կամ անհայտ[1]
Ազգությունհայ
ՀարստությունԱրտաշեսյաններ Արտաշեսյաններ
ՆախորդԱրտաշես Ա Բարեպաշտ
ՀաջորդողՏիրան Արտաշեսյան
ՏոհմԱրտաշեսյաններ
գերիշխան
ՀայրԱրտաշես Ա
ՄայրՍաթենիկ
ԵրեխաներԱրշակ Ա
Հավատքհայկական ավանդական հավատալիքներ

Արտավազդ Ա (հին հունարեն` Αρταβάσδης Α΄ της Αρμενίας, ծննդյան ամսաթիվն՝ անհայտ – մահացած՝ մ․թ․ա․ 115 թվական), հանդիպում է նաև որպես Անիծյալ արքա, Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշեսյանների հարստությունից, որը կառավարել է մ.թ.ա. 160-115 թվականներին։ Մեծ Հայքի գահին հաջորդել է հորը՝ Արտաշեսյանների թագավորության հիմնադիր Արտաշես Ա Բարեպաշտին։ Լինելով Արտաշեսի և հայոց ալանական ծագումով թագուհի Սաթենիկի որդիներից ամենաավագը՝ եղել է գահաժառանգ-արքայազն Արտաշես Ա-ի կառավարման ժամանակահատվածում։ Մովսես Խորենացին հավաստում է, որ արքայազն Արտավազդը Արտաշեսի կենդանության օրոք վարել է սպարապետության գործակալությունը, կոտորել է Մուրացյանների տոհմը՝ իրեն վերապահելով արքայից հետո «երկրորդության պատիվը», դավով սպանել իրեն ամբաստանած եղբորը՝ քրմապետ Մաժանին։

Արտավազդի գահակալության տարիների վերաբերյալ պատմագիտությանը հայտնի տեղեկությունները սակավաթիվ են և կցկտուր։ Վահան Քուրքջյանն անգամ Արտավազդին համարել է «առասպելական գերիշխան»։ Այսուհանդերձ, Արտավազդ Ա-ի գործունեության վերաբերյալ պահպանվել են ինչպես նյութական ապացույցներ (մետաղադրամներ), այնպես էլ պատմագիտական տեղեկություններ ինչպես միջնադարյան հայակական, այնպես էլ հունահռոմեական և վրացական աղբյուրներում։ Պատմահոր հաղորդմամբ Արտավազդն իր գահակալման տարիներին Տիրանից բացի իր բոլոր եղբայրներին հարկադրաբար բնակեցրել է Աղիովիտ և Առբերանի գավառներում՝ նրանց հեռացնելով արքունի կալվածքից՝ Այրարատից և նորակառույց մայրաքաղաք Արտաշատից։ Մարկոս Յուստինոսի հաղորդմամբ՝ Արտավազդի կառավարման ժամանակահատվածում տեղի է ունեցել հայ-պարթևական զինված ընդհարում, որտեղ հայկական կողմը պարտություն կրելով Պարթևաց թագավորությանն է զիջել հայոց ապագա աշխարհակալ տիրակալ, արքայազն Տիգրանին։ Որոշ պատմագետներ Արտավազդին են վերագրել նաև Վիրքի պարթևական դրածո Փառանջոմի դեմ պատերազմն ու Արտաշեսյանների արքայատոհմի հաստատումը հարևան Իբերիայի թագավորությունում։

Արտավազդ Ա-ի ամուսնական կապերի և ժառանգների մասին տեղեկություններ պատմագիտությանը հայտնի չեն։ Ըստ Մովսես Խորենացու՝ Արտավազդի անժառանգության պայմաններում մ․թ․ա․ 115 թվականին Մասյաց վիհում Արտավազդի մահվանից հետո Մեծ Հայքի թագավորության գահն անցել է Արտավազդի եղբորը՝ հիմնադիր-արքա Արտաշեսի կրտսեր որդի Տիրանին։

Արտավազդի կերպարը հանդիպում է նաև հայկական ժողովրդական բանահյուսության մեջ։ 5-րդ դարում Գողթն գավառի ժողովրդական երգիչներից Մովսես Խորենացին բանաքաղել է «Արտավազդ և Արտաշես» ժողովրդական ավանդազրույցը։ Ըստ պատմահոր՝ Արտավազդը շղթայված բանտված է Մասիսի մի քարանձավում, և դարբինների անընդհատ կռանահարության ձայնից ամրանում են նրա շղթաները, որպեսզի նա չկարողանա դուրս գալ։ Եզնիկ Կողբացու աղբյուրներում Արտավազդին վերագրվել են նաև դրական հատկանիշներ։ Ըստ վերջինիս՝ կգա ժամանակ, երբ աշխարհի գոյության սպառնալից պահին Արտավազդը կխորտակի իր կապանքները, կմարտնչի չարի դեմ և կհաղթանակի։ Արտավազդ թագավորի կերպարը նմանության գծեր ունի հայկական ժողովրդական էպոսի՝ «Սասնա ծռեր»-ի հերոս Փոքր Մհերի հետ։

Անվան ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտավազդ Ա Արտաշեսյանը եղել է իր անվան առաջին կրողը Արտաշեսյանների արքայական շառավղում և առհասարակ՝ Մեծ Հայքի թագավորությունում։ Երկու սերունդ անց այս անունն է կրել նաև Տիգրան Մեծի գահաժառանգը՝ Արտավազդ Բ-ն։

«Արտավազդ»-ը հին իրանական «Ṛtavazdā» անվան հայկականացված (հունականացված/լատինականացված) տարբերակն է, որը հիշատակվում է իրանական ժողովուրդների նախաիսլամական կրոնի՝ զրադաշտականության սուրբ գրքում հիշատակված ​​«Ašavazdah»-ի հետ։ Այն ենթադրաբար նշանակում է «հզորության կամ ճշմարտության միջոցով հաստատակամ» կամ «նա, ում արդարությունը հաստատուն է»։ Արևմտյան աղբյուրներում արքան հիշատակվում է հունարենի ազդեցությամբ լատինականացված «Արտավասդես» (հուն․՝ Αρταβάσδης, լատին․՝ Artavasdes) անվանումով։

Արտավազդի ծնողները՝ Արտաշեսյանների թագավորության հիմնադիր-արքա Արտաշես Բարեպաշտը և ալանաց արքայադուստր Սաթենիկը։ Կտավի մասին. «Հայոց արքա Արտաշեսը և ալանաց արքայադուստր Սաթենիկը Կուր գետի ափին» նկարիչ՝ Ջ. Ֆուզարո (19-րդ դար)

Արտավազդ Արտաշեսյանը եղել է Մեծ Հայքի թագավորության արքա Արտաշես Բարեպաշտի և ալանների արքայադուստր Սաթենիկի որդին։ Նրա հայրը՝ Արտաշեսը, սերվել է մեծատոհմիկ ազնվական Զարեհ Երվանդականից։ Վերջինս նախքան հայոց միապետ դառնալը, եղել է բարձրաստիճան զինվորական Սելևկյան թագավոր Անտիոքոս Մեծի բանակում և վերջինիս օժանդակությամբ Երվանդունյաց Երվանդ Դ-ից նվաճելով Հայաստանը կարգվել է տեղի կառավարիչ։ Օգտվելով Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանների կրած պարտությունից և թուլացումից՝ Արտաշեսն իրեն հռչակել է Մեծ Հայքի արքա՝ հիմնելով նոր արքայատոհմ, որն իր՝ որպես հիմնադրի անունով կոչվել է Արտաշեսյան։ Արտաշես Ա-ի կառավարման սկզբնամասում թագավորությունը սահմանափակված է եղել Մեծ Հայքի կենտրոնական նահանգներով, սակայն վերջինիս հաջողել է կարճ ժամանակում Հայաստանին վերամիավորել Երվանդունյաց թագավորությունից անջատված և հարևանների կողմից զավթված հայոց ծայրագավառները։ Իր միավորիչ գործունեության արդյունքում, Արտաշես Բարեպաշտը ստեղծել է միաձույլ պետություն, որի դրոշի ներքո միավորվում էին հայկական բոլոր տարածքները՝ բացառությամբ Փոքր Հայքի, Կոմմագենեի և Չորրորդ Հայքի (Ծոփք), որտեղ իշխում էր դաշնակից-արքա Զարեհ Երվանդունին։

Կովկասյան չորս արքաների արշավանքին դիմագրավելիս՝ Կուրի ճակատամարտում Արտաշեսը գերեվարել է ալանների արքայազնին, որի քույրը՝ արքայադուստր Սաթենիկը, ըստ Մովսես Խորենացու, եղբորը վերադարձնելու նպատակով դուրս է եկել Կուրի գետափ և համոզել հայոց արքային։ Մովսես Խորենացին նաև հաղորդել է, որ արքայադուստր Սաթենիկի իմաստուն խոսքերը լսելով Արտաշեսը սիրահարվել է նրան և Սմբատ Բագրատունուն ուղարկել ալանների թագավորի մոտ՝ խնդրելու Սաթենիկի ձեռքը։ Մերժում ստանալով Արտաշեսը փախցրել է Սաթենիկին և Արտաշատում ամուսնացել վերջինիս հետ։ Արտաշեսի և Սաթենիկի ամունսությամբ ամրապնդվել է նաև հայ-ալանական դաշինքը։ Ըստ վիպասանների՝ «Ոսկի տեղ էր տեղում Արտաշեսի փեսայության ժամանակ․ Մարգարիտ էր տեղում Սաթենիկի հարսնության ժամանակ»[2]։

Արտավազդը հավանաբար ծնվել է մ․թ․ա․ 183 թվականին Արտաշատում՝ դառնալով Արտաշես արքայի և տիկնաց տիկին Սաթենիկի առաջնեկը։ Մովսես Խորենացին հիշատակել է նաև Արտավազդի եղբայրներին՝ Տիգրանին (Տիրանին), Մաժանին, Վրույրին և Զարեհին։ Արտավազդի եղբայրները ևս զբաղեցրել են բարձրաստիճան պաշտոններ Մեծ Հայքի թագավորությունում։ Տիրանը ղեկավարել է Մեծ Հայքի թագավորության բանակի արևմտյան զորավարությունը, Զարեհը՝ հյուսիսային զորավարությունը, Մաժանը եղել է Դարանաղյաց գավառի Անի-Կամախի Արամազդի տաճարի քրմապետը, իսկ Վրույրը՝ գլխավորել է հազարապետությունը[3]։

Արքայազն Արտավազդ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արքայազն Արտավազդը Արտաշես Բարեպաշտի կառավարման տարիներին հանդես է եկել որպես Մեծ Հայքի թագավորության արևելյան երկրամասերի կառավարիչ, իսկ Սմբատ Բագրատունուց հետո՝ հորից ստացել է նաև հայոց բոլոր զորքերի ղեկավարությունը՝ «սպարապետ հայոց» տիտղոսով[4]։ Նկարագրելով արքայազն Արտավազդին՝ պատմահայր Խորենացին գրել է. «Արտաշեսի որդի Արտավազդը, չափահաս դառնալով, մի քաջ, ինքնահավան և հպարտ մարդ դուրս եկավ»[5]։

Մովսես Խորենացու աշխատությունում տեղեկություններ են պահպանվել Արտավազդի վերաբերյալ որպես հայոց արքայազնի։

Մուրացյանների տոհմի կոտորում

[խմբագրել | խմբագրել կոդը]
Արտաշես Ա Բարեպաշտ (մ․թ․ա․ 189-160)՝ Արտավազդի հայր և Արտաշեսյանների թագավորության հիմնադիր։

Մ․թ․ա․ 165 թվականի շրջակայքում՝ Արտավազդի չափահաս դառնալուն պես, վերջինս սկսել է թշնամանք և գժտություն հրահրել իր հոր՝ Արտաշես արքայի և Մուրացյանների տոհմի նահապետ Արգամ Մուրացյանի միջև։ Ըստ որոշ տեսակետների՝ պատճառը եղել է Արտավազդի կասկածներն իր մոր՝ Սաթենիկի դավաճանության վերաբերյալ։ Այսպես, Արտավազդն իր հորը փորձել է համոզել, որ Մուրացյանները՝ ի դեմս նահապետ Արգամի, որը հիշատակվել է նաև Արգավան, հավակնում են Մեծ Հայքի թագավորության գահին՝ ձգտելով իշխանազրկել Արտաշեսյան տոհմին։ Մուրացյանների տոհմը հայկական պատմագիտությունում հիշատակվել է Երվանդունիների ժամանակակիցներ ի վեր։ Վերջիններս ընդարձակ կալվածներ են ունեցել Երասխի գետահովիտներում՝ Նախճավանում և Մարաց կողմերում։ Ըստ Մովսես Խորենացու՝ Երվանդ Վերջինի դեմ Արտաշես արքայի պայքարի ժամանակ Մուրացյանների նահապետ Արգամը լքել է Երվանդին և իր նիզակակիր զորքով անցել Արտաշեսի կողմը[6]։ Հաղթանակից հետո Արտաշես արքան Արգամին շնորհել է երկրորդական գահը, որին էլ, ըստ էության, հավակնել է արքայազն Արտավազդը։ Արգամի հետ հերթական ընթրիքներից մեկը ժամանակ դավադրության վտանգ զգալով՝ Արտաշեսը Մաժանին իր զորախմբով ուղարկել է Նախճավան գավառ և Մուրացյաններին կոտորելու հրաման տվել։ Արդյունքում՝ Մաժան Արտաշեսյանի ձեռամբ սպանվել են Մուրացյան տոհմից բազմաթիվ մեծամեծեր, այրվել է Արգամ Մուրացյանի ապարանքը և նահապետի Մանդու անունով գեղեցկուհի հարճին գերեվարել է՝ բերվելով թագավորանիստ Արտաշատ։ Արտավազդը արժանացել է Արգամից խլված երկրորդական գահին։ Մովսես Խորենացին հաղորդել է, որ Արգամ Մուրացյանի հնազանդության դիմաց Արտաշեսը երկու տարի անց որոշել է հետ վերադարձնել բռնագրավված գույքը՝ բացի հարճից։

Չնայած հոր որոշմանը՝ արքայազն Արտավազդը իր զորագնդով հարձակվել ու խլել է Մուրացյանների տոհմական կալվածք Նախճավանը և Երասխից հյուսիս ընկած բոլոր գյուղերը՝ թալանելով բոլոր բերդերն ու ապարանքները։ Արտավազդի հանկարծահաս հարձակումն ու ունեզրկումը չհանդուրժելով՝ Արգամ Մուրացյանի որդիները դիմադրություն են փորձել ցույց տալ արքայորդուն, սակայն չդիմանալով թագավորական ուժերի բազմությանը՝ անձնատուր են եղել։ Առավելության հասնելով դիմադրության ձևով ապստամբություն բարձրացրած Մուրացյանների տոհմի նկատմամբ՝ Արտավազդը հրամայել է սպանել տոհմի բոլոր ներկայացուցիչներին: Մովսես Խորենացին հաղորդել է, որ հենց այսկերպ էլ սպանվել են Մուրացյան ազնվականական տոհմի բոլոր նշանակալի ներկայացուցիչները, այդ թվում՝ Արգամը, նրա որդիներն ու ընտանիքի անդամները, մյուս մեծամեծերը, իսկ տոհմի առավել ոչ ազդեցիկ որոշ ներկայացուցիչներ հաջողել են փախուստի դիմել և պատսպարվել Արտաշես արքայի հովանավորության ներքո։

Կասպերի ապստամբություն և Սելևկյան ներխուժում

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գահակալություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարման սկիզբ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ժողովրդական բանահյուսությունում

[խմբագրել | խմբագրել կոդը]

«Արտավազդ և Արտաշես»

[խմբագրել | խմբագրել կոդը]

Հին հայկական վեպերը պարունակում են հիմնականում պատմական հավաստի նյութեր։ Վեպեր են հյուսվել սիրված թագավորների և հերոսների մասին։

Վեպերի ընդհանուր գիծը անսահման սերն է հայրենիքի նկատմամբ, ազատատենչ ոգին ու պատրաստակամությունը՝ կյանքը չխնայել ժողովրդի ազատության համար։ Նրանցից ամենասիրվածն ու տարածվածը եղել է «Արտաշեսի վեպը»։

Արտաշես Ա-ն եղել է հայերի պաշտելի թագավորը, և պատահական չեն նրա մասին պահպանված վիպական ամբողջ շարքերը նրա մանկության, գահակալության, երկիրը շենացնելու, բարգավաճեցնելու, Արտաշատ մայրաքաղաքը կառուցելու և այլ մանրամասների մասին։ Արտաշեսը պայքարել է երկիր ներխուժած արտաքին թշնամիների դեմ, հաղթել է նրանց և պաշտպանել իր երկրի ու ժողովրդի անկախությունն ու ազատությունը։

Ապրելով երկար և երջանիկ կյանքով՝ Արտաշեսը մահանում է ծեր հասակում։ Նրան թաղում են ոսկե դագաղում, բազմաթիվ զարդերով։ Շատերը, չցանկանալով ապրել իրենց սիրելի թագավորից հետո, ինքնասպան են լինում։ Այս բոլորը տեսնելով՝ թագաժառանգ Արտավազդը, նախանձելով հոր փառքին, նեղսրտած դիմում է նրան.

«Երբ դու գնացիր,
Ու ամբողջ երկիրը քեզ հետ տարար,
Ես այս ավերակների վրա
Ո՞ւմ թագավորեմ»։
Հայրն անիծում է նախանձ և փառասեր որդուն.
Թե դու (ձի) հեծնես որսի գնաս
Ազատն ի վեր, դեպ Մասիս
Քաջքերը քեզ բռնեն տանեն
Ազատն ի վեր, դեպ Մասիս,
Այնտեղ մնաս, լույս չտեսնես»։

Արտաշեսի անեծքը կատարվում է։ Որսորդության ժամանակ քաջքերը բռնում են Արտավազդին և շղթայակապ արգելափակում Մասիս լեռան մի քարանձավի մեջ։

Արտաշեսյան հարստություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաշեսյան արքաայտոհմը Հայաստանում կառավարել է 2 դար։ Նրա հիմնադիրը՝ Արտաշես Ա-ն, իշխանությունը օրինական դարձնելու նպատակով իրեն ներկայացնում էր Երվանդունիների ներկայացուցիչ՝ որդի Զարեհի, Երվանդյան։ Իրականում նա հիմնադրել է նոր թագավորական հարստություն։

Անունը Տարեթվեր Իշխել է Նշումներ
Արտաշես Բարեպաշտ մ.թ.ա. 230-մ.թ.ա. 160 մ.թ.ա. 189-մ.թ.ա. 160 Զարեհի որդի, Երվանդյան
Արտավազդ Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 115 մ.թ.ա. 160-մ.թ.ա. 115 Արտաշես Ա-ի ավագ որդի
Տիգրան Ա մ.թ.ա. ?-մ.թ.ա. 95 մ.թ.ա. 115-մ.թ.ա. 95 Արտաշես Ա-ի կրտսեր որդի
Տիգրան Մեծ մ.թ.ա. 140-մ.թ.ա. 55 մ.թ.ա. 95-մ.թ.ա. 55 Տիգրան Ա-ի կրտսեր որդի
Արտավազդ Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 34 մ.թ.ա. 55-մ.թ.ա. 34 Տիգրան Մեծի որդի
Արտաշես Բ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 20 մ.թ.ա. 30-մ.թ.ա. 20 Արտավազդ Բ-ի ավագ որդի
Տիգրան Գ մ.թ.ա. ?-մ.թ.ա. 8 մ.թ.ա. 20-մ.թ.ա. 8 Արտավազդ Բ-ի կրտսեր որդի
Տիգրան Դ
Էրատո
մ.թ.ա. 8-մ.թ.ա. 5,
մ.թ.ա. 2-մ.թ.ա. 1
Տիգրան Գ որդին և դուստրը

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. Հայկական սովետական հանրագիտարան (հայ.) / Վ. Համբարձումյան, Կ. ԽուդավերդյանՀայկական հանրագիտարան հրատարակչություն, 1974.
  2. Մովսես Խորենացի. Պատմություն Հայոց, 2.50, էջ 166. Թարգմանված գրաբարից արևելահայերենի Ստեփան Մալխասյանցից։
  3. Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն»,- Եր.: Էդիթ Պրինտ, 2023.- ԾԳ, էջ 155, գրաբարից արևելահայերենի փոխադրումը և ծանոթագրությունները՝ Ստ. Մալխասյանցի, ISBN 978-9939-969-47-8։
  4. Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն»,- Եր.: Էդիթ Պրինտ, 2023.- ԾԳ էջ 154-155, գրաբարից արևելահայերենի փոխադրումը և ծանոթագրությունները՝ Ստ. Մալխասյանցի, ISBN 978-9939-969-47-8։
  5. Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն»,- Եր.: Էդիթ Պրինտ, 2023.- ԾԱ «Արգամի և նրա որդիների սպանությունը», էջ 151, գրաբարից արևելահայերենի փոխադրումը և ծանոթագրությունները՝ Ստ. Մալխասյանցի, ISBN 978-9939-969-47-8։
  6. Մովսես Խորենացի. «Հայոց պատմություն»,- Եր.: Էդիթ Պրինտ, 2023.- ԽԶ «Երվանդի պատերազմն Արտաշեսի հետ և փախուստը, քաղաքի գրավումը և նրա մահը», էջ 144-145, գրաբարից արևելահայերենի փոխադրումը և ծանոթագրությունները՝ Ստ. Մալխասյանցի, ISBN 978-9939-969-47-8։