Jump to content

Առաջարկ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Առաջարկ, ապրանքների ու ծառայությունների քանակություն, որն արտադրողները ցանկանում են և կարող են արտադրել և առաջարկել վաճառքի որոշակի ժամանակահատվածում՝ հնարավոր գներից յուրաքանչյուրի դեպքում։ Առաջարկը պահանջարկի ապահովման անհրաժեշտ պայմանն է, որը գոյություն ունի նյութական բարիքների ու ծառայությունների որոշակի քանակության ձևով։ Այն շուկայում դրսևորվում է իբրև վաճառողի (արտադրողի) կողմից իր ապրանքները շուկայական գներով իրացնելու հնարավորություն և ցանկություն։ Քանակապես առաջարկը կարող է բնութագրվել ապրանքների ու ծառայությունների այն ծավալով, որը վաճառողն ընդունակ է և կարող է ներկայացնել շուկա՝ իր արտադրական կարողություններին համապատասխան և իրացնել դրանք որոշակի գներով։ Առաջարկի ծավալը կախված է գնային և ոչ գնային գործոններից[1]։

Առաջարկի վրա ազդող գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Առաջարկի կորի օրինակ

Գնային գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջարկի մեծությունը ոչ միշտ է համընկնում արտադրության ծավալի հետ․ արտադրանքի մի մասը տարբեր պատճառներով կարող է շուկա չհասնել կամ առաջարկի մեծությունը կարող է գերազանցել արտադրության ծավալը ներմուծվող ապրանքների հաշվին։ Առաջարկի ծավալը որոշող հիմնական գործոններից մեկը գինն է։ Ապրանքի գնի և առաջարկի մեծության միջև գործում է ուղիղ համեմատական կախվածություն․ գնի բարձրացման հետ մեծանում է նաև առաջարկը և հակառակը։ Գնի և առաջակի մեծության փոխազդեցությունը կոչվում է առաջարկի օրենք։ Այն արտահայտվում է գրաֆիկորեն, որպես ձախից աջ բարձրացող վերընթաց կոր։

Ոչ գնային գործոններ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոյություն ունեն նաև ոչ գնային գործոններ, որոնց փոփոխության հետ փոխվում է առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ կամ դեպի ձախ։ Առաջարկի հիմնական ոչ գնային գործոններն են․

Ռեսուրսների գներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռեսուրսների գների իջեցումը կրճատում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով աջ և հակառակը։

Ռեսուրսների տվյալ գների պայմաններում տեխնոլոգիայի կատարելագործումն իջեցնում է արտադրության ծախսերը և մեծացնում առաջարկը՝ կորը տեղաշարժելով դեպի աջ։

Հարկեր և դոտացիաներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Ձեռնարկությունների մեծ մասը հարկերը դիտում են որպես արտադրական ծախքեր, որոնց բարձրացումը կրճատում է առաջարկը։ Դոտացիաները հակառակ ազդեցությունն են ունենում, եթե պետությունը սուբսիդավորում է որևէ արդյունքի արտադրություն, ապա կրճատում է ձեռնարկությունների ծախքերը և ավելացնում առաջարկը։

Այլ ապրանքների գներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Մի ապրանքի գնի բարձրացումը կարող է մեկ այլ ապրանքի առաջարկի կրճատման պատճառ դառնալ։ Ձեռնարկության համար շահավետ է դառնում փոխել արտադրության կառուցվածքը և անցնել համեմատաբար ավելի թանկ ապրանքի արտադրության։

Ապագա սպասելիքներ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գնի կամ եկամուտների ապագայում սպասվող փոփոխությունները կարող են ազդել առաջարկի ներկա մակարդակի վրա։ Եթե սպասվում է գնի բարձրացում, ապա վաճառողները կրճատում են ներկա առաջարկը՝ ապագայում ավելի բարձր գնով վաճառելու ակնկալիքով։

Վաճառողների թիվ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալ ճյուղում արտադրողների թվի ավելացման հետ մեծանում է շուկայական առաջարկը՝ կորը տեղաշարժում դեպի աջ և հակառակը։

Առաջարկի օրենք

[խմբագրել | խմբագրել կոդը]

Տնտեսական օրենք, որը ցույց է տալիս գների և առաջարկի մեծության ուղիղ կախվածությունը։ Առաջարկի մեծության հիմնական հատկությունն այն է, որ այլ հավասար պայմաններում տվյալ ապրանքի գնի իջեցումը նվազեցնում է առաջարկը և հակառակը․ գնի և առաջարկի միջև գործում է ուղիղ կապ, որն էլ իրենից ներկայացնում է առաջարկի օրենքը։ Մյուս հավասար պայմանների դեպքում, առաջարկի մեծությունը կամ ծավալը մեծանում է ապրանքի գնի բարձրացմանը զուգընթաց։ Առաջարկի օրենքն իր օբյեկտիվ գործողությամբ խթանում է արտադրողներին՝ ավելացնելու ապրանքների արտադրությունն ու վաճառքը, քանի որ, եթե արտադրության ծախսերը չեն փոխվում, գների բարձրացման հետ միասին մեծանում է շահույթը։ Շուկայական տնտեսության մեջ այդ միտումը կայուն բնույթ ունի։ Այն իրականանում է արտադրողների միջև մրցակցության պայմաններում։ Գնի բարձրացմանը զուգընթաց առաջարկը համապատասխանաբար մեծանում է, բայց, որոշակի բարձր գնից սկսած, առաջարկի աճը նվազում է, որն արտահայտում է տվյալ ապրանքի արտադրությունն ավելացնելու միջոցների սահմանափակությունը։ Այսինքն առաջարկի ծավալը, անկախ գնից, սահմանափակված է ապրանքի այն քանակով, որն իր հնարավորությունների սահմաններում արտադրողը կարող է արտադրել և շուկա հանել։

Անհատական առաջարկ

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտադրական ֆունկցիան ըստ էության հանդես է գալիս որպես ապրանքի առաջարկի մոդել։ Առաջարկը, որպես տնտեսական հասկացություն անհնար է դիտարկել գնից անկախ, քանի որ առաջարկը ապրանքների այն քանակությունն է, որն արտադրողը պատրաստ է դուրս բերել շուկա՝ տվյալ գնի դեպքում։ Տնտեսագիտության տեսության մեջ առաջարկը ներկայացվում է որպես գնից ուիղի կախվածության ֆունկցիա։ Ընդ որում տնտեսագետների մեծ մասի կարծիքով առաջարկի օրենքը գործում է անշեղորեն։ Այսինքն, բացառված են դեպքերը, երբ ապրանքի գնի բարձրացումը հանգեցնի առաջարկի նվազեցմանը։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  • Ավետիսյան Ս.Ս., Թովմասնյան Ռ.Ա., Տնտեսագիտության տեսություն. - Երևան,;«Նահապետ», 2010 թ.,324 էջ
  • Աղաջանյան Հովսեփ, Տնտեսագիտության տեսության ընդհանուր հիմունքները.-Երևան, Տնտեսագետ, 2008.- 172 էջ։
  • Տնտեսագիտության տեսություն, Գ.Ե. Կիրակոսյանի և Ի.Ե. Խլղաթյան-Երևան, Տնտեսագետ, 2009.- 752 էջ։