Jump to content

Գոնդվանա

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Գոնդվանա, վարկածային մայրցամաք, որը գիտնականների կարծիքով գոյություն է ունեցել Հարավային կիսագնդում պալեոզոյան և մասամբ՝ մեզոզոյան դարաշրջաններում, հնագույն սուպերմայրցամաք, որն ընդգրկել է Հարավային Ամերիկայի մեծ մասը, Աֆրիկան (առանց Ատլասի լեռների), Մադագասկար կղզին, Արաբիան, Հինդուստան թերակղզին, Ավստրալիան (արևմտյան մաս) և Անտարկտիդայի մեծ մասը։ Ձևավորվել է մինչքեմբրիի վերջում (750-530 մլն. տարի առաջ) Ռոդինիա սուպերմայրցամաքի մասնատման արդյունքում։ Ըստ որոշ գիտնականների, պրոտերոզոյում Գոնդվանայի տարածքում եղել է ընդարձակ սառցապատում, քարածխային և պերմի ժամանակաշրջաններում զարգացել է բարեխառն և ցուրտ գոտու ֆլորա։ Ենթադրվում է, որ Գոնդվանան տրոհվել է առանձին ցամաքաբեկորների՝ սկսած տրիասի ժամանակաշրջանից։

Պալեոզոյան Գոնդվանա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ պալեոզոյան դարաշրջանում (սիլուր) Գոնդվանան սառցակալել է[1], ինչը հանգեցրել է օրդովիկյան բնաջնջմանը։

Պրոտոմայրցամաքների տեղաշարժն ավելի քան 500 մլն տարի առաջ հանգեցրել է Տրանսգոնդվանյան Սուպերլեռան (Transgondwanan Supermountain) առաջացմանը։ Այն հսկայական դեր է կատարել ոչ միայն երկրաբանության, այլ նաև կենդանի օրգանիզմների զարգացման համար[2][3]։

Ապա մայրցամաքն սկսել է հակառակ շարժումը դեպի հյուսիս և քարածխային ժամանակաշրջանում (360 մլն տարի առաջ) միացել Լավրասիայի հետ՝ կազմելով Պանգեա հսկայական պրոտոմայրցամաքը։

Մեզոզոյան Գոնդվանա

[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրայի ժամանակաշրջանում՝ շուրջ 180 մլն տարի առաջ, Պանգեան նորից մասնատվել է՝ առաջացնելով Գոնդվանան և Հյուսիսային մայրցամաք Լավրասիան, որոնց բաժանել է Թետիս օվկիանոսը։

Հայտնի է, որ Գոնդվանան մեզոզոյան դարաշրջանում ծածկված է եղել ջունգլիներով[4]։ Բույսերից աճել են նոտոֆագուսներն ու սագոենազգիները[5]։ Կենդանական աշխարհը ներկայացվել է դինոզավրերով[6], որոնց թվում են եղել արգենտինոզավրերը, ադամանտիզավրերը, աբելիազավրեր և էոլոզավրեր[7]։ Մեզոզոյան Գոնդվանայում բնակվել են նաև պրիմատային պարկավոր կաթնասուններ և միանցքանիներ, ինչպես նաև պալեոգնատներ և պինգվիններ[8]։

Տրիասի դարաշրջան (200 մլն տարի առաջ)

Մայրցամաքի մասնատում

[խմբագրել | խմբագրել կոդը]

150 մլն տարի առաջ (մեզոզոյան դարաշրջան) Գոնդվանան բաժանվել է երկու մասի՝ արևմտյան (Աֆրիկա, Արաբիա և Հարավային Ամերիկա) և արևելյան (Ավստրալիա, Անտարկտիդա, Մադագասկար և Հինդուստան), որոնց սահմանը դարձել է Մոզամբիկի նեղուցը։ 125 մլն տարի առաջ Արևելյան Գոնդվանան բաժանվել է «Հնդգասկարի» և Ավստրալա-Անտարկտիդայի, որոնց միջև սկսել է ձևավորվել Հնդկական օվկիանոսը։ 100 մլն տարի առաջ Հարավային Ամերիկան առանձնացել է Աֆրիկայից[9], որոնց միջև սկսել է ձևավորվել Ատլանտյան օվկիանոսը։ 90 մլն տարի առաջ տեղի է ունեցել Հինդուստանի ու Մադագասկարի բաժանումը։ 40 մլն տարի առաջ (արդեն կայնոզոյի դարաշրջանում) առանձնացել են Ավստրալիան ու Անտարկտիդան[10]։

Գոնդվանայից առանձնացող մայրցամաքների տեղաշարժը և Լավրասիայի հետ նրանց բախումը հանգեցրել է ակտիվ լեռնագոյացման։ Աֆրիկայի՝ Եվրոպայի վրա ունեցած ճնշման արդյունքը դարձել է Ալպերը, իսկ Հնդկաստանի ու Լավրասիայի բախման (50 մլն տարի առաջ) արդյունքում առաջացել են Հիմալայները։

Ստուգաբանություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Գոնդվանա անունն առաջարկել է ավստրիացի գիտնական Էդուարդ Զյուսը 1885 թվականին, որն այդ մայրցամաքը կոչել է Հյուսիսային Հնդկաստանի Գոնդվանա տարածաշրջանի անունով (սանսկրիտ gondavana — «Գոնդայի անտառ»), որտեղ նկարագրվել են նստվածքային ստվերաշերտեր (պերմ-տրիասի ժամանակաշրջան), որոնք բնութագրական են այդ դարաշրջանի համար։

Ծանոթագրություններ

[խմբագրել | խմբագրել կոդը]
  1. «Единство Гондваны». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  2. «Трансгондванская Супергора была причиной кембрийской эволюции». www.membrana.ru. Արխիվացված է օրիգինալից 2017 թ․ ապրիլի 25-ին. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  3. Dmitriy Burov. «Супергора как причина кембрийской эволюции». www.dinos.ru. Վերցված է 2017 թ․ ապրիլի 24-ին.
  4. Дождевые леса Гондваны
  5. «Австралийская биогеографическая область (Нотогея)». Արխիվացված է օրիգինալից 2019 թ․ հոկտեմբերի 21-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  6. «Динозавры Южной Америки добрались до Австралии». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.
  7. «Динозавры — древние ящеры на территории современной Южной Америки». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2014 թ․ հունվարի 4-ին.
  8. Все как в Австралии
  9. На Мадагаскаре живут змеи, населявшие еще Гондвану
  10. «Геология Антарктиды». Արխիվացված է օրիգինալից 2014 թ․ հունվարի 4-ին. Վերցված է 2019 թ․ նոյեմբերի 20-ին.

Գրականություն

[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ

[խմբագրել | խմբագրել կոդը]
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Գոնդվանա» հոդվածին։
Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից  (հ․ 3, էջ 157