Եղինջ այրողը միամյա, ուշ գարնանային բույս է, ունի ոչ այնքան ուժեղ զարգացած առանցքային արմատ, որին հատուկ է լավ ցանցավորված արմատամազիկները։ Գլխավոր ցողունիկն ունի 70 սմ երկարություն։ Ցողունները քառանիստ են և ունեն ծակող փշեր։ Սերմերի բարձրությունը 1,5-2 մմ է։ Ցողունների հանգույցներում՝ գրեթե հավասար հեռավորությամբ կոթունների վրա, հակադիր նստած են սուր ծայրերով, կանոնավոր-սղոցաձև եզրերով, մուգ կանաչ գույնի, լավ արտահայտված ջղավորությամբ տերևները։ Օղականման ծաղկաբույլեր կազմող բաց դեղին և կանաչ ծաղկապատյանով արական և իգական ծաղիկները նստած են տերևածոցերում։ Ամբողջ բույսը ծածկված է խայթող-այրող գեղձամազիկներով։ Հայաստանում աղբոտում է լեռնային, լեռնատափաստանային ու անտառատափաստանային գոտիների ցանքերն, արոտներն ու մարգագետինները[1]։
Բուժական նպատակներով օգտագործում են կանաչ զանգվածը, սերմերն ու արմատները։ Այրող եղինջն ունի արյունահոսությունը դադարեցնող, միզամուղ, վերքամոքիչ, ցավազրկող, հակաբորբոքային ազդեցություն։ Տերևներն կիրառում են որպես օգտակար, վիտամիններով հարուստ բանջարեղեն[2]։