Կատալին Կարադի
Կատալին Կարադի հունգ.՝ Karády Katalin | |
---|---|
Ծնվել է | դեկտեմբերի 8, 1910 |
Ծննդավայր | Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա |
Մահացել է | փետրվարի 8, 1990[1] (79 տարեկան) կամ փետրվարի 19, 1990[2] (79 տարեկան) |
Մահվան վայր | Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ |
Գերեզման | Ֆարկաշրետի գերեզմանոց |
Քաղաքացիություն | Հունգարիա և ԱՄՆ |
Կրոն | եկեղեցի[2] |
Մասնագիտություն | երգչուհի, կինոդերասանուհի և դերասանուհի |
Ակտիվ շրջան | 1939 - 1949 |
Պարգևներ և մրցանակներ | |
Անդամություն | Magyar–Szovjet Baráti Társaság? |
karadykatalin.hu/html/ | |
Կատալին Կարադի (հունգ.՝ Katalin Karády, իսկական ազգանունը՝ Կանչլեր, դեկտեմբերի 8, 1910, Բուդապեշտ, Ավստրո-Հունգարիա - փետրվարի 8, 1990[1] կամ փետրվարի 19, 1990[2], Նյու Յորք, Նյու Յորք, ԱՄՆ), կինոյի և թատրոնի հունգարացի դերասանուհի, երգչուհի։ Հունգարիայում 1940-ական թվականներին ամենահայտնի կինոաստղերից մեկը[3]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Ծնվել է Բուդապեշտում՝ կոշկակարի ընտանիքում։ Սովորել է արհեստագործական ուսումնարանում։ Իրենից 30 տարով մեծ տղամարդու հետ անհաջող ամուսնությունից հետո սկսել է դերասանի կարիերան։ Ընդունվել է Բուդապեշտի կոմեդիայի թատրոն։
1939-1948 թվականներին կատարել է մի շարք դերեր, որոնց շնորհիվ ձեռք է բերել մեծ ճանաչում և համարվել հունգարական կինոյի ճակատագրական կինը։ Ելույթներ է ունեցել էստրադայում։ Ճակատագրական կնոջ կերպարը հմայիչ արտաքինից բացի ընդգծվել է նաև արտահայտիչ ձայնով, որ համեմատում էին Ցարա Լեանդերի ու Մառլեն Դիտրիխի ձայնի հետ։ Ֆիլմերում հաճախ է նկարահանվել կինոաստղ Պալ Յավորի հետ, ով այն տարիներին եղել է հունգարական կինոյի սեքս-սիմվոլը։
1942 թվականին Կատալին Կարադին հայտնվել է ոստիկանության ուշադրության կենտրոնում այն բանի համար, որ փորձել է ճակատամերձ գոտում գտնվող աշխատանքային ճամբարից ազատել հրեա բանաստեղծ Գեորգ Դենեսին, ով իր համար երգեր էր գրում։
Կատալին Կարադիի կարիերան ավարտվել է այն բանից հետո, երբ 1944 թվականի ապրիլի 18-ին գեստապոն ձերբակալել է նրան՝ ցուցաբերելով դաժան վերաբերմունք ու մի քանի ամիս պահելով կալանքի տակ։
1944 թվականին, երբ գերմանական զորամասերը մտնում են Հունգարիա, Կատալին Կարադին ձերբակալվում է իր սիրեկանի՝ Իշտվան Ուժասժիի[Նշում 1] հետ միասին։
Գերմանական տանջարանից դուրս գալուց հետո Կատալին Կարադին, իր թանկարժեք զարդերով կաշառելով դահիճներին, մահից փրկել է մի քանի հրեա երեխաների, որոնց պատրաստվում էին գնդակահարել Դանուբի ափին[3][4]։ Մինչ 1945 թվականը, երբ Բուդապեշտն ազատագրվել է խորհրդային զորքերի կողմից, այդ երեխաներն ապրել են դերասանուհու տանը։
Պատերազմի ավարտից և Հունգարիայում խորհրդային կարգերի հաստատումից հետո Կատալին Կարադին նկարահանվել է ընդամենը մեկ ֆիլմում (1948)։ 1949 թվականին նա տեղափոխվել է Հարավային Ամերիկա՝ Բրազիլիա։ 1977 թվականից ապրել է Նյու Յորքում, որտեղ մինչ իր մահը որպես դերձակուհի աշխատել է գլխարկների ոչ մեծ խանութում։
Կատալին Կարադին մահացել է 1990 թվականի փետրվարի 8-ին Նյու Յորքում։ Նրա աճյունը վերաթաղվել է Բուդապեշտում։
2004 թվականին Կատալին Կարադին Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ հրեաներին կյանքը փրկելու համար ընդգրկվել է Հոլոքոստի «Յադ Վա Շեմ» հուշահամալիր-թանգարանում՝ Աշխարհի արդարակյացների շարքում։
Ընտրյալ ֆիլմագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Կատալին Կարադին նկարահանվել է ավելի քան 25 ֆիլմերում։
- 1939 – Halálos tavasz
- 1941 – Egy tál lencse
- 1941 – A szűz és a gödölye
- 1943 – Ópiumkeringő
- 1943 – Անսանձի սանձահարումը
- 1943 – Külvárosi őrszoba
- 1944 – Szováthy Éva
- 1944 – Machita
- 1944 – Valamit visz a víz
- 1948 – Տաք դաշտեր
Նշումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ Կատալին Կարադիի սիրեկանը՝ հունգարական բանակի գեներալ Իշտվան Ուժասժին, եղել է գաղտնի գործակալ, ով աշխատել է բրիտանական հետախուզության համար։
Ծանոթագրություններ
[խմբագրել | խմբագրել կոդը]- ↑ 1,0 1,1 1,2 Bibliothèque nationale de France data.bnf.fr (ֆր.): տվյալների բաց շտեմարան — 2011.
- ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 The Righteous Among the Nations Database
- ↑ 3,0 3,1 Katalin Karády - her activity to save Jews' lives during the Holocaust, at Yad Vashem website
- ↑ Karády Katalin a Kennedy fivérek közbenjárására kapott amerikai vízumot
Արտաքին հղումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Կատալին Կարադի (անգլ.) Internet Movie Database կայքում
Վիքիպահեստն ունի նյութեր, որոնք վերաբերում են «Կատալին Կարադի» հոդվածին։ |
|