Սերյոժա Առաքելյան
- Անվան այլ կիրառումների համար տե՛ս՝ Սերգեյ Առաքելյան (այլ կիրառումներ)
Սերյոժա Առաքելյան | |
---|---|
Ծնվել է | մայիսի 25, 1931 (93 տարեկան) |
Ծննդավայր | Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ |
Քաղաքացիություն | ԽՍՀՄ և Հայաստան |
Կրթություն | Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտ |
Մասնագիտություն | դերասան, արվեստագետ և թանգարանագետ |
Աշխատավայր | Հակոբ Պարոնյանի անվան պետական երաժշտական կոմեդիայի թատրոն, Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, Հայաստանի ազգային ռադիոյի ժողովրդական գործիքների անսամբլ, Ալեքսանդր Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոն և Գաբրիել Սունդուկյանի անվան ակադեմիական թատրոն |
Պարգևներ և մրցանակներ |
Սերյոժա Մնացականի Առաքելյան (Սերգեյ Առաքելյան[1], մայիսի 25, 1931, Երևան, Հայկական ԽՍՀ, ԱԽՖՍՀ, ԽՍՀՄ), հայ դերասան, արվեստաբան, թանգարանագետ։ Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի թանգարանի տնօրեն։ Հայաստանի Հանրապետության մշակույթի վաստակավոր գործիչ (2009)[2]։
Կենսագրություն
[խմբագրել | խմբագրել կոդը]Սերգեյ Առաքելյանը ծնվել է 1931թվականի մայիսի 25-ին, Երևանում։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտը։ Պատանի տարիքից մասնակցել է Երևանի պիոներների պալատի թատերական, գրական, վոկալ խմբերին, աշակերտել Արուս Ոսկանյանին, Դանիել Ղազարյանին, Կարո Զաքարյանին, Ազատ Մանուկյանին։ 1951-1954 թվականներին ապրել է Բաթումի քաղաքում, տեղում կազմակերպել է հայկական թատերախումբ, բեմադրել է բազմաթիվ ներկայացումներ։ 1954-1962 թվականներին որպես դերասան աշխատել է Երևանի Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի թատրոնում[3], միաժամանակ՝ 1959-1979 թվականներին աշխատել է Աբովյանի շրջանային մշակույթի տանը` որպես գեղարվեստական ղեկավար և ռեժիսոր։ Բեմադրել է ավելի քան 50 ներկայացում, որտեղ խաղացել է գլխավոր դերեր։
Սերգեյ Առաքելյանի բեմադրությունների և դերակատարումների մասին գրվել են 100-ից ավելի գրախոսականներ, մամուլում տպագրվել են Գարեգին Երիցյանի, Նաիրի Զարյանի, Ավետ Ավետիսյանի, Օլգա Գուլազյանի, Վահրամ Փափազյանի, Սուրեն Քոչարյանի, Պահարեի հիացական խոսքերը։ 1960 թվականին Աբովյանի շրջանային մշակույթի տանը կից ստեղծել է օպերային ստուդիա, բեմադրել է Ալեքսանդր Հովհաննիսյանի «Պեպո» օպերան և դարձել է Պեպոյի առաջին դերակատարը։ 1979 թվականին Առաքելյանին հրավիրել են Եղիշե Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարան, որտեղ մինչև 1993 թվականը ղեկավարել է գիտամասսայական բաժինը։ Կազմակերպել է տարբեր ցուցահանդեսներ, գիտական նստաշրջաններ, հոբելյանական, մեծարման, ստեղծագործական երեկոներ, զեկուցումներ է կարդացել գիտական նստաշրջաններում։ Զբաղվել է սայաթնովագիտությամբ, ստեղծել է նրա անձնական հավաքածուն։ Ունի նաև գրականության և արվեստի այլ գործիչներին վերաբերող անձնական արխիվներ, լուսանկարներ, բացառիկ ձեռագրեր, վավերագրեր, անձնական իրեր։ Տարբեր ժամանակահատվածներում ղեկավարել է Երևան քաղաքի Զեյթուն, Արաբկիր, Շենգավիթ ավանների մշակույթի պալատների, Մյասնիկյանի անվան կահույքի ֆաբրիկայի, նախագծային ինստիտուտի, պետական համալսարանի թատերախմբերը։ 1993-1998 թվականներին նշանակվել է «Զորավար Անդրանիկ» մշակույթի կենտրոնի տնօրեն։
2006 թվականին Իլյիչ Բեգլարյանի հետ հիմնադրել է Զորավար Անդրանիկ թանգարան, եղել է նրա գիտական նախագծի և ցուցադրության հեղինակը։
Երկար տարիներ աշխատել է որպես Արամ Մերանգուլյանի անվան ժողովրդական գործիքների անսամբլի տնօրեն։ Տասը տարի ղեկավարել է Երևանի օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը, ստեղծել է բազմաթիվ ֆոնդեր, կազմակերպել ցուցահանդեսներ։
Աշխատել է Երևանի Գաբրիել Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական և Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոններում` որպես թանգարանի վարիչ[3]։ Հիմնադրել է «Հայ մշակույթի մեծերը» մատենաշարը և հեղինակել է «Սվետլանա Գրիգորյան», «Կարպ Խաչվանքյան»[4], «Ժենյա Ավետիսյան», «Յուրի Ամիրյան», «Օֆելյա Համբարձումյան», «Գոհար Գասպարյան», «Երվանդ Ղազանչյան», «Գալյա Նովենց», «Բաբկեն Ներսիսյան», «Ռուբեն Մաթևոսյան» և այլ նկարազարդ ալբոմ-ժողովածուներ[3]։ Գրել է թատերագիտական, գրականագիտական հոդվածներ, կազմակերպել ցուցահանդեսներ, հեռուստատեսային հաղորդումներ։
Ներկայացումներ
[խմբագրել | խմբագրել կոդը]Հեղինակ | Պիես | Դեր |
---|---|---|
Ալեքսանդր Օստրովսկի | «Անմեղ մեղավորներ» | Շմագա |
Գաբրիել Սունդուկյան | «Պեպո» | Զիմզիմով |
Գաբրիել Սունդուկյան | «Խաթաբալա» | Զամբախով |
Դերենիկ Դեմիրճյան | «Քաջ Նազար» | Նազար |
Աղասի Այվազյան | «Ուշ լինի, նուշ լինի» | Արշակ |
Հովհաննես Թումանյան | «Չախ-չախ թագավորը» | Թագավոր |
Մոլիեր | «Ժորժ Դանդեն» | Լյուպեն |
Մոլիեր | «Սկապենի արարքները» | Սկապեն |
Պարգևներ, մրցանակներ
[խմբագրել | խմբագրել կոդը]- Թատերական արվեստի հանրապետական փառատոնի դափնեկիր
- «Արտիստ» փառատոնի դափնեկիր
- «Գոհար Գասպարյան» ոսկե մեդալ
- ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, 2009
- «Երվանդ Ղազանչյան» հատուկ Արտավազդ մրցանակ, թատերարվեստին մատուցած անբասիր աշխատանքի համար, 2021