Jump to content

ընդունել

Վիքիբառարան-ից

Հայերեն

«ընդունվել» ժեստը հայերեն ժեստերի լեզվով

Արտասանություն

[խմբագրել]

Դասական ուղղագրութեամբ՝ ընդունել

վանկեր՝ ըն•դու•նել 

Ստուգաբանություն

[խմբագրել]

Գրաբարյան «ընդունիլ», «ընդունիմ»֊ից՝ կարող է վերլուծվել որպես ընդ + ունեմ։

Բայ

  1. վերցնել ◆ Նա ընդունեց իրեն հասցեագրված նամակը։
  2. ստանալ ◆  Փոստային բաժանմունքն ընդունեց բոլոր առաքումները և հանձնեց փոստատարներին։
  3. իր մեջ առնել, տեղավորել ◆ Գետերի ջրերը ծովն է ընդունում:
  4. իր տնօրինության, կառավարման տակ առնել ◆ Նա ընդունեց հոր ժառանգությունը և դրա հետ կապվաժ իրավունքներ։
  5. իր վրա վերցնել, ստանձնել ◆ Սահառունին դժգոհությամբ ընդունեց այդ պաշտոնը։
  6. որևէ հաստատության, կուսակցության, կազմակերպության, ընկերության և այլնի կազմի մեջ մտցնել ◆ Նրան համալսարան ընդունեցին։
  7. թույլ տալ մեկին իր մոտ գալ (այցելության, պաշտոնական գոռծով և այլն) ◆  Նախարարը հաճախորդներին ընդունում է երկուշաբթի և ուրբաթ օրերը։}}
  8. զբաղեցնել, յուրացնել ◆  Հյուրերին ընդունում էր ընկերուհին, որովհետև ինքը խոհանոցում դեռ զբաղվաց էր։
  9. հիվանդին քննության ենթարկել ◆  Այսօր բժիշկը քսան հոգու ընդունել է արդեն։
  10. հիվանդանոցում տեղավորել, պառկեցնել ◆ Նրան երեկ ընդունեցին հիվանդանոց։
  11. պաշտոնի, աշխատանքի վերցնել ◆  Երիտասարդ մասնագետին հաճույքով ընդունեցին աշխատանքի։
  12. որևէ վերաբերմունքի արժանացնել, դիմավորել, վերաբերմունք ցույց տալ ◆  Ոգևորիչ լուրը խանդավառությամբ ընդունեցին։
  13. համաձայնել, համաձայնություն տալ ◆  Նա չի ընդունում այդ առաջարկը, կարծիքը։
  14. քվեարկությամբ, խորհրդակցելով վճռել, հաստատել ◆ Բանաձև, որոշում ընդունել:
  15. որևէ կրոնի հետևորդ դառնալ ◆  Հայերը քրիստոնեություն ընդունեցին 4-րդ դարում։
  16. իրավացի համարել, հավանություն տալ, հարգել ◆  Պատճառաբանությունն ընդունել:
  17. մի որոշ ձև, արտահայտություն ստանալ, երևալ, իրեն ցույց տալ որևէ կերպով ◆ Նա բարեհամբույր տեսք ընդունեց:
  18. կրել, ենթարկվել որևէ բանի, տանել ◆ Նա հերոսաբար ընդունեց բոլոր հարվածները։
  19. համարել, հաշվել, սխալմամբ մի բանի տեղ դնել, կարծել ◆  Ես քեզ կարգին մարդու տեղ ընդունեցի:
  20. կուլ տալ, խմել ◆ դեղ ընդունել:
  21. պայմանականորեն համարել, ենթադրել ◆ Ընդունենք, թե այդպես է։
  22. շարժվել, թեքվել, շրջվել, դառնալ դեպի ◆ Աջ, ձախ, կողք ընդունել:
  23. օգնել, օգնություն ցույց տալ ծննդկանին, ծննդաբերության ժամանակ օգնել ◆ Երեխան ընդունել:
  24. հանդիպելով, ծանոթանալով որևէ վերաբերմունք ցույց տալ, վերաբերվել ◆ Անծանոթին նա զուսպ քաղաքավարությամբ ընդունեց:
  25. որևէ կարգի հաղորդում լսել կամ գրի առնել, գրանցել ◆ Հեռագիրն ընդունել:
  26. տեսնելով կամ լսելով հասկանալ, հաստատել, ի կատար ածել ◆ Հրամանն ընդունել: (ռազմ․)
  27. բուժական կամ առողջապահական նշանակված գործողությունները կատարել, որևէ բանի ենթարկվել ◆ Լոգանք ընդունել, լուսային ճառագայթներ ընդունել:
  28. լսել, ունկնդրել, ◆ Ընդունի՛ր հոգիս նրա ձայները, գուցե ականջիտ հարազատ հնչեն։ Հովհաննես Թումանյան
  29. ճանաչել, համարել մի բան ◆ Էլ ուրիշ պոեմ մենք չենք ընդունում: Հովհաննես Թումանյան
  30. հանձն առնել, իր վրա վերցնել, վրան առնել ◆ Մեղքը, հանցանքը ընդունեց:
  31. շատ գոյականների կազմում է հարադրական կապակցություններ, գոյականի արտահայտված իմաստին համապատասխան բայերի նշանակությամբ ◆ վճիռ ընդունել- մեռնել, երդում ընդունել-երդվել, սնունդ ընդունել սնվել- և այլն
Հոմանիշներ
[խմբագրել]
  1. տեղավորել, պարունակել, ընդգրկել, ամփոփել, առնել (խսկց․), ներսառել, ներունել (հզվդ․)
  2. տե՛ս ստանալ, վերցնել
  3. տե՛ս խմել, ուտել
  4. տե՛ս հյուրընկալել
  5. տե՛ս հոժարել
  6. տե՛ս համաձայնել
  7. տե՛ս համարել
  8. տե՛ս ճանաչել, դավանել
  9. տե՛ս խոստովանել
  10. ընկալել
  11. գիրկն առնել
Արտահայտություններ
[խմբագրել]
  1. ընդունել ի գիտություն
  2. ընդունել ի ղեկավարություն
  3. ընդունեցեք հարգանացս հավաստիքը

Աղբյուրներ

[խմբագրել]