Jump to content

խաղաղություն

Վիքիբառարան-ից

Հայերեն

  • ՄՀԱ՝ [χɑʁɑʁutʰˈjun]
Խաղաղության խորհրդանիշը՝ աղավնին ձիթապտղի ճյուղով

Դասական ուղղագրութեամբ՝ խաղաղութիւն

վանկեր՝ խա•ղա•ղու•թյուն 

Ստուգաբանություն

[խմբագրել]

խաղաղ + -ություն

Գոյական

  1. պետությունների ու ժողովուրդների միջև պատերազմների՝ ռազմական գործողությունների բացակայություն, խաղաղ՝ համերաշխ գոյակցություն ◆ Զենքի ուժո՞վ եք պահպանում ձեր երկրի… խաղաղությունը: Հովհաննես Թումանյան ◆ Խաղաղություն խրճիթներին, պատերազմ պալատներին։ (Ակսել Բակունց)
  2. պատերազմող կողմերի միջև պատերազմի վերջնական դադարեցում, հաշտություն
  3. վեճերի՝ տուրուդմփոցի՝ թշնամանքի բացակայություն ◆ Բայց այդ խաղաղությունը պղտորվում էր, երբ հանկարծ մի հարց էր ընկնում մեջտեղ։ (Ակսել Բակունց)
  4. ձայների՝ աղմուկի բացակայություն, լռություն ◆ Անտառի խաղաղության մեջ լսվում էին այդ հովվի լոզի հարվածները։ Խաչիկ Դաշտենց ◆ Այգում խաղաղություն էր, ծաղկաթափ էին ծառերը։ (Ակսել Բակունց)
  5. քամու՝ փոթորկի՝ տեղումների բացակայություն, օդի՝ եղանակի խաղաղ վիճակ ◆ Ինչպես մի եղեգն՝ նա խոնարհել է գլուխը հողմերի առաջ և խաղաղության ժամին նորից հառնել։ (Ակսել Բակունց)
  6. հոգեկան և մտավոր անդորրություն ◆ Այն բառերը… պղտորեցին նրա մտքերի խաղաղությունը: (Ակսել Բակունց) ◆ Քո մեջ եմ գտնում իմ սրտի խաղաղությունը: (Րաֆֆի)
  7. անհուզմունք՝ հանգիստ արտահայտություն ◆ Նա տեսավ Միրզամի դեմքի ալեզարդ խաղաղությունը: (Ակսել Բակունց)
  8. աճյունի հանգստություն ◆ Խաղաղություն ձեզ, մեր անբախտ պապեր, Ձեզ տանջող ցավը մեզ էլ է պատել։ Հովհաննես Թումանյան
  9. մեղմություն, այնպիսի, որ ներշնչում է անդորրություն ◆ Սենյակում մոմերը վառվում էին, դեղնավուն լույսի հետ սփռելով խաղաղություն: (Ակսել Բակունց)

Հոմանիշներ

[խմբագրել]
  1. լռություն, անդորրություն, հանդարտություն, դար ու դադար (ժղ․)
  2. հանգստություն, անդորրություն
  3. հաշտություն
  4. զինադադար, ռազմադադար, զինադադարություն, զինադուլ

Արտահայտություններ

[խմբագրել]
  1. խաղաղության աղավնի
    1. սպիտակ աղավնու նկարը որպես խաղաղության խորհրդանիշ
    2. այն անձը, որ խաղաղություն՝ հաշտություն է գցում կռվողների միջև ◆ Նա իմ տան խաղաղության աղավնին է։
  2. խաղաղություն բերել՝ գցել
    1. պառակտումին ու վեճերին վերջ տալ, թշնամի կողմերին հաշտեցնել
    2. պատերազմին վերջ տալ
  3. խաղաղություն հաստատել - նույնն է՝ խաղաղություն գցել ◆ Աշխատում էի իմ հայրենիքում հաշտություն ու խաղաղություն հաստատել: Հովհաննես Թումանյան
  4. խաղաղություն տիրել
    1. պատերազմը դադարել և սկսվել խաղաղ կյանքը ◆ Մենք պայման դրինք այն ժամանակ պսակել նրանց, հենց որ խաղաղությունը տիրե: (Մուրացան)
    2. անդորրություն՝ հաշտություն լինել
    3. բնությունը՝ եղանակը խաղաղ լինել
  5. խաղաղության դիցուհի՝ հրեշտակ - խաղաղություն բերող, խաղաղարար ◆ Տեսավ՝ իջավ խաղաղության դիցուհին, Չքնաղ, որպես մատաղ գարուն ծաղկավառ։ Հովհաննես Հովհաննիսյան ◆ Խաղաղության հրեշտակ էր նա։ (Րաֆֆի)
  6. մնաք՝ մնան խաղաղությամբ - հրաժեշտի բարեմաղթություն, որ ասում է հրաժեշտ տվողը
  7. գնաք՝ գնան խաղաղությամբ - հրաժեշտի բարեմաղթություն, որ ասում է մնացողը գնացողին
  8. խաղաղություն ամենեցուն - օրհնանքի արտահայտություն՝ բոլորն էլ թող խաղաղ լինեն, խաղաղություն լինի ամենքի համար

Թարգմանություններ

[խմբագրել]

Աղբյուրներ

[խմբագրել]